Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

  >  Նորություններ

  Նորություններ

ՕՐՈՄԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ԵԹՈՎՊԻԱ) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
02-07-2025
Հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Օրոմիայի պետական համալսարանի (Եթովպիա) պատվիրակության հետ, որին մասնակցել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և  Միջազգային հարաբերությունների և արտաքին կապերի բաժնի պետ Լիաննա Վարդանյանը։ Նշենք, որ պատվիրակությունը հյուրընկալվել է Ակադեմիայում հունիսի 23-ից հուլիսի 3-ը՝ «Ժամանակակից ղեկավարի կոմպետենցիաները հանրային կառավարման ոլորտում» թեմայով 40-ժամյա վերապատրաստման ծրագրի շրջանակում։ Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ ներկայացրել են Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի կառուցվածքը, վերապատրաստման քաղաքականությունը, կարողությունների զարգացման ռազմավարությունները, ինչպես նաև վերապատրաստման գործընթացում կիրառվող նորարարական մեթոդներն ու գործիքակազմը։ Կողմերն անդրադարձել են նաև քաղաքացիական ծառայության հիմնարար սկզբունքներին, գործառնական մոդելներին և ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Հանդիպումը նպաստել է հանրային կառավարման ոլորտում փորձի փոխանակմանը, մասնագիտական երկխոսության խթանմանը և համագործակցության նոր հարթակների ձևավորմանը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԶԾ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
01-07-2025
Հուլիսի  1-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ Կայուն զարգացման նպատակների Հայաստանյան կենտրոնի  ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ուղիները՝ միտված Հայաստանում  մասնակցային կառավարման և քաղաքականության մշակման նորարարական մոտեցումների զարգացմանը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մասնակցային և ներառական կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, քաղաքականության կայացման գործընթացների արդիականացմանն, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների և  քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանը՝ հատկապես արհեստական բանականության  գրագիտության ոլորտում։  Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն քննարկումների շարունակականության, համագործակցության հնարավոր ուղղությունների խորացման և համատեղ  գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման շուրջ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ GIZ-Ի ԵՎ OECD/SIGMA ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
27-06-2025
Հունիսի 27-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում GIZ-ի և OECD/SIGMA ծրագրի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են հունիսի 25-26-ը Քաղաքացիական ծառայության գրասենյակում անցկացված որակի կառավարման եվրոպական CAF մոդելի վերաբերյալ երկօրյա վերապատրաստման դասընթացի արդյունքները և այդ շրջանակներում Գրասենյակի գնահատման իրականացմանն ուղղված հետագա միջոցառումներն ու գործողությունները։ Հատկապես ընդգծվել է համատեղ ծրագրերի մշակման և իրագործման համատեքստում սերտ համագործակցությունը զարգացնելու, լավագույն փորձի փոխանակման, շարունակական կատարելագործման և հանրային կառավարման ոլորտում որակի գնահատման նոր մոդելի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻԳՄԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՆԵՐԻ ՀԵՏ
08-05-2025
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում  ՍԻԳՄԱ-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի կառավարիչ Բլանկա Լազարոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ-ի կողմից մեկնարկված «Պետական կառավարման սկզբունքների ուղղությամբ առաջընթացի գնահատումը Հայաստանում» խորագրով գնահատման գործընթացի շրջանակներում Քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) իրավասություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև 2025-2027 թվականների ՍԻԳՄԱ-ի ծրագրի շրջանակներում, մասնավորապես Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում ակնկալվող միջոցառումների իրականացման առնչությամբ Գրասենյակի հետ հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու մարտահրավերները:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
30-04-2025
 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շարունակական վերապատրաստման և կարողությունների զարգացման նպատակով սույն թվականի ապրիլի 21-ին գործարկել է Հանձնաժողովի էլեկտրոնային ուսուցման հարթակը: Վերջինս տրամադրում է բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական թիրախային դասընթացներ և թվային գրադարանի հասանելիություն: Հարթակը ներկայում առաջարկում է 5 թեմատիկ դասընթացներ, որոնք ներառում են բարեվարքության համակարգի տարրերի, կոռուպցիոն ռիսկերի, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության, ազդարարման, հանրային գնումներում ռիսկերի նվազեցման և կոռուպցիայի կանխարգելման այլ գործիքների վերաբերյալ կրթական մոդուլներ:  Հարթակում այժմ հասանելի են հետևյալ խորագրերով դասընթացները՝«Կոռուպցիա․ կանխարգելման հիմնադրույթները»,«Էթիկական կառավարումը և կոռուպցիայի կանխարգելումը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար»,«Կուսակցությունների ֆինանսավորման համակարգը ՀՀ-ում»,«Գործարար բարեվարքությունը և կոռուպցիոն ռիսկերի կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում»,«Շահերի բախումը որպես բարեվարքության համակարգի տարր»:Էլեկտրոնային ուսուցման հարթակը գործում է հետևյալ հղումով՝ https://elearning.cpcarmenia.am/: