Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

  >  Նորություններ

  Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
17-05-2019
Միացյալ Թագավորության Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում անցկացվեց սեմինար-դասընթաց «Փոփոխության կառավարում. Ինչպես հաղթահարել դիմակայումը փոփոխությունների հանդեպ պետական կառավարման համակարգում» թեմայով: Դասընթացը վարել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, AMBA-ի (Ամերիկյան MBA-ների ասոցիացիա) ներքին գնահատողների թիմի անդամ, դոկտոր Լեսլի Սզամոսին: Դասընթացի ընթացքում ներկայացվել են փոփոխությունների ժամանակահատվածում անձնակազմի կառավարման առանձնահատկությունները, հաճախակի կրկնվող սխալները, մարտահրավերները և հնարավոր լուծման ուղիները: Սեմինար-դասընթացին մասնակցել են պետական կառավարման գերատեսչությունների շուրջ քսան ներկայացուցիչներ՝ ստորաբաժանումների ղեկավարներ: Միջոցառման ավարտին քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը շնորհակալություն հայտնեց պարոն Սզամոսիին հետաքրքիր դասընթացի համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կդառնա, ինչպես նաև՝ վերջինիս հետ հանձնեց մասնակիցների վկայականները: Իր հերթին դոկտոր Լեսլի Սզամոսին պատրաստակամություն հայտնեց մասնակցել նմանատիպ նախաձեռնություններին և մասնագիտական քննարկումներին:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
15-05-2019
Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել «ԲՈՒՀ-Քաղաքացիական ծառայության համակարգ համագործակցության գործուն մեխանիզմների ձևավորում» թեմայով հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցել են Քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՀՀ տարածքում գործող մի շարք ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Ակնկալվող համագործակցության հիմնական նպատակն է ԲՈՒՀ-երի շրջանավարտների հետագա կարիերան դեպի քաղաքացիական ծառայության համակարգ ուղղորդելը, ինչպես նաև՝ ՔԾԳ-ԲՈՒՀ համագործակցության գործուն մեխանիզմների ապահովումը՝ ի շահ թե՛ պետական կառավարման համակարգի, թե՛ շրջանավարտների ապագա կարիերայի: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նմանատիպ հանդիպման անցկացումը, որը կխթանի Քաղաքացիական ծառայության համակարգ – ԲՈՒՀ կապի ամրապնդումը ու պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետների ներգրավումը: Գարուշ Դավթյանը, ի թիվս համակարգին առնչվող այլ թեմաների, ներկայացրեց նաև փորձնակի ինստիտուտի գաղափարը, ինչպես նաև՝ համալսարաններից քաղաքացիական ծառայության համակարգ որպես փորձնակ մուտք գործելու հնարավորությունները: ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները անդրադարձան ուսանողների շրջանում քաղաքացիական ծառայության համակարգի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակի խնդրին, որին ի պատասխան առաջարկ ներկայացվեց անհրաժեշտության դեպքում քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակիցների կողմից իրազեկող հանդիպում-սեմինարներ կազմակերպել ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նախանշվեցին համագործակցության հետագա ձևաչափը և առաջիկա քայլերը:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
10-05-2019
Ս․թ․ մայիսի 10-ին Քաղաքացիական ծառայության գրասենյակում հյուրընկալվեց «ՊրոՍերվիս-Լ» մարդկային ռեսուրսների հիմնախնդիրներով զբաղվող ընկերության հիմնադիր-տնօրեն՝ Լիլիթ Հակոբյանը։ Վերջինս ներկայացրեց իր ստեղծած ընկերության գործունեության նպատակներն ու տեսակները, որոնցից են մասնավորապես՝ ՄՌ ժամանակակից գործիքների ուսուցումը թե՛ մասնավոր և թե՛ պետական հատվածներում, ՄՌ կատարողականի չափման ցուցիչների մշակումը և տեղայնացումը ընկերությունների պատվերով՝ ընդհանուր արդյունավետության բարձրացման նպատակով։ Գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը ողջունեց «ՊրոՍերվիս-Լ»-ի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ գործողությունների շրջանակ կմշակվի` պետական-մասնավոր գործընկերություն ստեղծելու նպատակով, և քաղաքացիական ծառայության համակարգը կունենա երաշխավորված տեղայնացմամբ միջազգային փորձ կիրառելու հնարավորություն։ Կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համատեղ գործակցություն սկսելու ուղղությամբ։ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
06-05-2019
Սույն թվականի մայիսի 6-ին մեկնարկեց «Քաղաքացիական ծառայողի մրցույթի հարցազրույցի փուլը վարելու համար հանձնաժողովի անդամներին անհրաժեշտ հմտություններ» թեմայով վերապատրաստումների շարքը: Վերապատրաստումները կազմակերպվել և իրականացվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից՝ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված տարբեր մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար: Մասնավորապես նախատեսված են բանախոսություններ «Հարցազրույցի նախապատրաստում, փաստաթղթերի ուսումնասիրության ընթացք: Հարցազրույցի անցկացումն ըստ ձևաչափերի: Հանձնաժողովի լիազորությունները», ինչպես նաև «Հարցազրույցի գնահատման չափանիշները: Գնահատումը և արդյունքների ամփոփումը» թեմաներով, որոնք կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Գեղամ Սարգսյանի և Համալրման և կատարելագործման վարչության պետ՝ Կարինե Գևորգյանի կողմից:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
26-04-2019
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (այսուհետ գրասենյակ) տեղի է ունեցել գրասենյակի հեռավար ուսուցման հարթակի վերագործարկմանը նվիրված աշխատանքային քննարկում։ Հեռավար ուսուցման հարթակը վերագործարկվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացում» թեմայով վերապատրաստման մոդուլների մշակման շրջանակներում՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից։ Հեռավար հարթակը կհարստացվի քաղաքացիական ծառայողների համար կոմպետենցիաների վերապատրաստումների այլ թեմաներով, որը հնարավորություն կընձեռի քաղաքացիական ծառայողներին անցնել իրենց վերապատրաստումներն ավելի ազատ և ճկուն ոճով՝ ճիշտ կառավարելով իրենց ժամանակը։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
04-04-2019
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Քննարկվել են կառույցների միջև համագործակցության ուղիները: ԵԽ ստորաբաժանման ներկայացուցիչներ Մուստաֆա Ֆերատին, Աման Շինան և Քվենթին Ռիչը իրենց ստորաբաժանման անունից պատրաստակամություն են հայտնել օժանդակել քաղաքացիական ծառայության բարեփոխումների ծրագրին՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների շրջանում բարեվարքության և էթիկայի նորմերի ուսուցման հետ կապված աշխատանքներում:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
03-04-2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Գայանե Բունիաթյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ապրիլի 2-3 մասնակցել են Արևելյան գործընկերության Կառավարման 16-րդ աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ԱԳ հարթակ 1-ի՝ «Ինստիտուտների հզորացում և լավ կառավարում» ներքո Թբիլիսիում, Վրաստան։ Գայանե Բունիաթյանը ներկայացրել է քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումների առկա իրավիճակը, ԵՄ և ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման գնահատման Հանրային ծառայություններ և մարդկային ռեսուրսներ բաժնի հիմնադրույթներն ու գնահատականները։ Ներկայացմանը հաջորդել է քննարկում և հարցուպատասխան, որի ընթացքում Արևելյան գործընկերության անդամ պետությունները, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել քաղաքացիական ծառայության նոր օրենսդրության ընձեռած հնարավորությունները՝ մասնավորապես քաղաքացիական ծառայության ապակենտրոնացումը, կատարողականի գնահատման հիման վրա կարիքների բացահայտումն ու համապատասխան վերապատրաստումների կազմակերպման հնարավորությունները։ Արևելյան գործընկերության ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տարում հզորացնել համագործակցությունը ՀՀ Վարչապետի աշխատակազմի և կառավարության հետ՝ նոր նախագծերի և միջոցառումների ձևով։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
02-04-2019
Ապրիլի 2-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդունել է ամերիկյան USAID և OTI (Office of Transition Initiatives) ծրագրերի պատվիրակություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու զարգացման հեռանկարները: USAID ծրագրի ներկայացուցիչ Ադամ Փ. Ստեֆանը և OTI ծրագրի ներկայացուցիչ Մայքլ Հեննինգը իրենց կազմակերպությունների անունից պատրաստակամություն են հայտնել օժանդակել քաղաքացիական ծառայության բարեփոխումների ծրագրին՝ միջազգային փորձագետներ ներգրավելով վերապատրաստման գործընթացում: Գարուշ Դավթյանը կարևորել է նման ձևաչափով համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը Հայաստանի Հանրապետության կառավարման ապարատի բարեփոխումների այս փուլում նմանատիպ միջազգային գործընկերների հետ տարբեր ձևաչափերով աջակցության և օժանդակության կարիք ունի: Հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական գիտելիքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումների անցկացման, քաղաքացիական ծառայողների բարեվարքության նորմերի սահմանման և կիրառման, հասարակության շրջանում քաղաքացիական ծառայության համակարգի և առհասարակ քաղաքացիական ծառայության մասին տեղակատվության տարածման և տեղեկացվածության պակասը լրացնելուն վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ համագործակցության շարունակականությունն ապահովելու հարցեր:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
28-02-2019
2019 թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջազգային անկախ փորձագետ Անսի Շունիի հետ, որը երկար տարիներ աշխատել է Ալբանիայի քաղաքացիական ծառայության խորհրդում։ Պարոն Շունիի հետ գրասենյակի պատասխանատուները քննարկեցին քաղծառայության նոր համակարգի կոմպետենցիաների բաղադրիչը, դրանց՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը և կատարելագործումը։ Պարոն Անսի Շունին բարձր գնահատեց Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից սեղմ ժամկետներում կատարված մեծածավալ աշխատանքը՝ թե՛ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակման և թե՛ համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման պատասխանատուների հետ անցկացված կարողությունների հզորացման մեկնարկային աշխատանքների առումով։ Համագործակցությունը կշարունակվի խորհրդակցական աշխատանքային ռեժիմով։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
12-02-2019
Քաղաքացիական ծառայության գրասենյակը 2019թ-ի փետրվարի 10-12 ներկայացված էր Համաշխարհային կառավարությունների գագաթաժողովին ԱՄԷ, Դուբայում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը, 2019 թ. փետրվարի 10-12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, մասնակցել է Համաշխարհային կառավարությունների գագաթաժողովի «Ապագա կառավարությունների ձևավորում» նախաձեռնության ներքո Աստանայի քաղաքացիական ծառայության հաբի կողմից կազմակերպված «Քաղաքացիական ծառայությունը ԱՊՀ-ում, կովկասյան և բալթյան երկրներում․ մարտահրավերներ, հեռանկարներ և համեմատական վերլուծություններ» թեմայով համաժողովին և ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգի ապակենտրոնացման մարտահրավերները» թեմայով զեկույց։ Համաշխարհային կառավարությունների գագաթաժողովը միավորել էր ավելի քան 4,000 մասնակից, պետությունների ղեկավարներ, քաղաքականության ձևավորողներ, ականավոր գիտնականներ և ավելի քան 130 երկրներում ներկայացված միջազգային կազմակերպությունների գլխավոր ներկայացուցիչներ՝ քննարկելու համաշխարհային բնապահպանական, պետական կառավարման և համագործակցության մարտահրավերներն ու գործընկերությունների հնարավորությունները։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
29-01-2019
Քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի «Մատրա իրավունքի գերակայություն» վերապատրաստման ծրագրի պատվիրակության հետ 2019թ. հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, Հաագայի տեղական ինքնակառավարման ակադեմիայի և Լեյդենի իրավաբանական դպրոցի համատեղ «Մատրա իրավունքի գերակայություն» վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հնարավորությունը։ Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ծրագրի տարածմանն ու ապահովելու քաղաքացիական ծառայողների մասնակցությունը, ինչպես նաև հույս հայտնեց, որ ծրագրի ընթացքում վերապատրաստված քաղաքացիական ծառայողներն իրենց հերթին կդառնան վերապատրաստողներ՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Մատրա իրավունքի գերակայության վերապատրաստման ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից և նախատեսված է 11 երկրների պետական մարմինների մասնագետների օրենքի գերակայության ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման համար։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
26-12-2018
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Թոբիաս Վիթմանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու զարգացման հեռանկարները: Թոբիաս Վիթմանը ԳՄՀԸ անունից պատրաստակամություն է հայտնել օժանդակել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բարեփոխումների ծրագրին՝ միջազգային փորձագետներ ներգրավելով վերապատրաստման գործընթացում: Գարուշ Դավթյանը կարևորել է նման ձևաչափով համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակն իր հերթին կաջակցի ԳՄՀԸ կողմից մշակված համաշխարհային դասընթացի ձեռնարկի տեղայնացմանը քաղաքացիական ծառայության համակարգում: Հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական գիտելիքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումների անցկացման, ինչպես նաև՝ դրանց շարունակականությունն ապահովելու հարցեր:
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
26-12-2018
2018թ. դեկտեմբերի 26-ին ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար պարոն Թոբիաս Վիթմանը և Կառավարման ակադեմիայի ռեկտոր պարոն Արսեն Լոքյանը: Հուշագրի նպատակն է՝ համատեղ նախաձեռնությամբ վերափոխել և հարմարեցնել ԳՄՀԸ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» համաշխարհային դասընթացի ուղեցույցը և վերապատրաստման դասընթացը քաղաքացիական ծառայության պահանջներին և օգտագործել դրանք նոր քաղաքացիական ծառայության համակարգում։ Մասնավորապես, նշված ուղեցույցի և դասընթացի շրջանակներում նախապատրաստված նյութերն ու մոդուլները կտեղակայվեն վերապատրաստման ծրագրերում։ Հուշագրի համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը կապահովի իր կողմից ստանձնած պարտավորությունները:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
06-12-2018
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կազմակերպված և Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական ծառայություն. նոր համակարգ, նոր մոտեցումներ» երկօրյա սեմինարը: Սեմինարի ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուները կներկայացնեն «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքով սահմանված օրենսդրական և մեթոդական փոփոխությունները, նոր մոտեցումները, ինչպես նաև՝ ինտերակտիվ քննարկումների և հարց ու պատասխանի միջոցով կփոխանցվեն օրենքի կիրառելիության պրակտիկ գիտելիքներ: Նոյեմբերի 30-ին քաղաքացիական ծառայության ընդլայնված համակարգի թվով 60 գլխավոր քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցած սեմինարով մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարիչների վերապատրաստումներին նվիրված միջոցառումների շարքը: Սեմինարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար՝ Արարատ Միրզոյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ բարձրաստիճան հյուրեր միջազգային կազմակերպություններից․ Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պարոն Շոմբի Շարփը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն՝ տիկին Սիլվի Բոսուտրոն։ Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը ներկայացրել է քաղաքացիական ծառայության նոր մոտեցումները, նոր օրենսդրական դաշտի հիմնախնդիրներն ու սկզբունքները։ Պետական մարմինների անձնակազմի կառավարման պատասխանատուների համար նախատեսված սեմինարների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 13-14-ին: Միջոցառումների արդյունքում կվերապատրաստվեն քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների անձնակազմի կառավարման շուրջ 120 պատասխանատուներ: