Նորություններ
Սույն վերլուծությունն իրականացվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 10-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի N 973-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) կանոնադրության 10-րդ կետի 2-րդ ենթակետով և 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով Գրասենյակին վերապահված գործառույթներով։
Վերլուծությունն իրականացվել է պետական մարմիններում ամենամյա արձակուրդների տրամադրման գործարար փորձը ուսումնասիրելու, գործող օրենսդրությանը դրա համապատասխանությունը գնահատելու, իրավակիրառ պրակտիկայում առաջ եկած խնդիրները վեր հանելու, հանրային ծառայության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման գործիքները կատարելագործելու նպատակով:
Վելուծության իրականացման նպատակով քաղաքացիական ծառայողների արձակուրդների տրամադրման վերաբերյալ տվյալները հավաքագրվել են 57 պետական մարմնից՝ համաձայն Աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության կողմից մշակված ձևաչափի։
Ընդհանուր առմամբ տրամադրվել է 7944 քաղաքացիական ծառայողի վերաբերյալ տվյալներ, որոնք ներկայացնում են քաղաքացիական ծառայողների արձակուրդների տրամադրման ընդհանուր պատկերը (վերոնշյալ թվի մեջ ներառված չեն մինչև դեկտեմբերի 30-ը համապատասխան մարմնում պաշտոնից ազատված և միևնույն մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի չնշանակված կամ լիազորությունները դադարեցրած քաղաքացիական ծառայողները)։ Այն բովանդակում է տվյալներ քաղաքացիական ծառայողների 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդների տրամադրման, մասնավորապես, ամենամյա արձակուրդն ամբողջությամբ կամ դրա մի մասն օգտագործելու, ամենամյա արձակուրդը չօգտագործելու, արձակուրդի մասերից մեկը առնվազն 10 աշխատանքային օր չօգտագործելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայողներին լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։
Ամենամյա արձակուրդը չտրամադրելու կամ մասնակի տրամադրելու դեպքերի համար նշված են նաև դրանց պատճառները, բացի այդ, արձակուրդի՝ ամբողջությամբ կամ մասնակի օգտագործման և չօգտագործման, ինչպես նաև արձակուրդի մասերից մեկը առնվազն 10 աշխատանքային օր չօգտագործելու դեպքերը ներկայացված են ըստ քաղաքացիական ծառայողների՝ ղեկավար կամ մասնագիտական պաշտոն զբաղեցնելու հանգամանքի: Վերլուծության մեջ ներառված չեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների վերաբերյալ տվյալները, քանի որ վերջիններս քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցել են 2021 թվականին, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերաբերյալ համապատասխան տվյալները, քանի որ այն ձևավորվել է 2021 թվականին։
1.Քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի տրամադրման վերաբերյալ գործող իրավակարգավորումները
Հանգստի իրավունքը, այդ թվում՝ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված է որպես յուրաքանչյուր աշխատողի անքակտելի իրավունք։ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 24-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը: Հայաստանի Հանրապետության կողմից 2006 թվականի հունվարի 27-ին վավերացված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1970թ. հունիսի 24-ի «Վճարովի արձակուրդների մասին» թիվ 132 կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ, ում նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան, ունի ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք՝ սահմանված նվազագույն տևողությամբ: Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում են փոխհատուցման դիմաց կամ այլ ձևով վճարովի արձակուրդի իրավունքից հրաժարվելու կամ արձակուրդը չօգտագործելու վերաբերյալ համաձայնությունները: Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները ստեղծում են միջազգային իրավական երաշխիք` Սահմանադրության 82-րդ հոդվածում ամրագրված հանգստի իրավունքի իրացման համար: Նույնաբովանդակ կարգավորումներ են սահմանված նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ․ Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդն աշխատողին տրամադրվում է հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու նպատակով: Հանգստի իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և նրան վճարվում է միջին աշխատավարձ: Օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Միաժամանակ, Օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված են կարգավորումներ ամենամյա արձակուրդի տեղափոխման և երկարաձգման վերաբերյալ, համաձայն որի՝ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ՝ սահմանելով ամենամյա արձակուրդը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու հիմքերը, որոնք են՝
• աշխատողի՝ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվելը,
• աշխատողի՝ նպատակային արձակուրդի իրավունք ձեռք բերելը,
• աշխատողի՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին մասնակցելը` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:
Նշենք, որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի տեղափոխման կամ երկարաձգման համար վերոնշյալ պատճառներից բացի այլ պատճառներ ևս կարող են լինել։
Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:
Ամենամյա արձակուրդը նպատակաուղղված է անձի հանգստի իրավունքի իրացմանը, որն իր հերթին ապահովում է աշխատունակության վերականգնումը: Վերջինիս համապատասխան, որպես ընդհանուր կանոն, արգելվում է ամենամյա արձակուրդը փոխարինել դրամական հատուցմամբ: Արձակուրդը դրամական հատուցմամբ փոխարինել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի լուծման (աշխատանքային հարաբերությունների դադարման) հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում այն օգտագործել:
Քաղաքացիական ծառայողների արձակուրդը տրամադրվում է Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն որոշմամբ (այսուհետ՝ նաև Որոշում)։ Որոշման 6-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում՝ ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան:
Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ընդ որում, քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ ծառայողի ամենամյա արձակուրդն այլ ժամանակ տեղափոխելու դեպքում ամենամյա արձակուրդը պետք է տրամադրվի տվյալ աշխատանքային տարում:
Միաժամանակ, Որոշման 19-րդ կետի կարգավորումների համաձայն՝ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է նաև այլ ժամանակ, եթե քաղաքացիական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ ձեռք է բերում նպատակային արձակուրդի իրավունք կամ մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում։
Ի տարբերություն Օրենսգրքի՝ Որոշումը ամենամյա արձակուրդի տեղափոխման կամ երկարաձգման համար սահմանված պատճառներից բացի այլ պատճառներ չի նախատեսում։
Վերը նշված հիմքերով (բացառությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի) տվյալ աշխատանքային տարում քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը ընդհանրապես չօգտագործելու դեպքում ամենամյա արձակուրդը, իսկ մասնակի օգտագործելու դեպքում չօգտագործված օրերը տրամադրվում են հաջորդ աշխատանքային տարում, սակայն ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:
Միաժամանակ, օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջ է նաև այն, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր: Ընդ որում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա վճարովի արձակուրդի անընդհատ մասը (այն է՝ 2 շաբաթ՝ 8-րդ հեդվածի 2-րդ մաս) տրվում և օգտագործվում է ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, և ամենամյա վճարվող արձակուրդի մնացած մասը տրվում է ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած արձակուրդ տալու տարվա վերջից:
2. Պետական մարմիններում քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի տրամադրման առկա վիճակի վերլուծություն
Ինչպես ներկայացվել է սույն զեկույցի իրավական կարգավորումների վերլուծության բաժնում, պետական մարմիններում քաղաքացիական ծառայողներին արձակուրդը տրամադրվում է Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N1287-Ն որոշման համաձայն: Քաղաքացիական ծառայողներին ամենամյա արձակուրդը պետք է տրամադրվի յուրաքանչյուր աշխատանքային տարում, ընդ որում ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր: Որոշմամբ սպառիչ կերպով սահմանված են նաև ամենամյա արձակուրդը այլ ժամանակ տեղափոխելու դեպքերը:
Վերոգրյալ կարգավորումները հաշվի առնելով՝ պետական մարմիններից պահանջվել է քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Որոշման կարգավորումներին համապատասխան։ Ընդհանուր առմամբ ամենամյա արձակուրդի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ բաշխվածությամբ՝
1. 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդն ամբողջությամբ օգտագործած աշխատողների թիվը,
2. 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը չօգտագործած աշխատողների թիվը,
3. 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը մասնակի օգտագործած աշխատողների թիվը։ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու կամ մասնակի օգտագործելու դեպքերը ներկայացված են ըստ օրենսդրությամբ սահմանված հիմքերի, ինչպես նաև ըստ քաղաքացիական ծառայողների՝ ղեկավար կամ մասնագիտական պաշտոն զբաղեցնելու հանգամանքի:
Զեկույցի պատրաստման նպատակով պետական մարմիններից հավաքագրվել և վերլուծվել է 7944 քաղաքացիական ծառայողի վերաբերյալ տվյալներ։ Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 5878 քաղաքացիական ծառայող (կամ 74 տոկոսը) օգտագործել է իր 2020-2021 թվականների ամենամյա արձակուրդն ամբողջությամբ, 613 քաղաքացիական ծառայող (կամ 7,71 տոկոսը) ընդհանրապես չի օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից, իսկ 1453 քաղաքացիական ծառայող (կամ 18,29 տոկոսը) օգտագործել է իր ամենամյա արձակուրդի մի մասը։
Ուսումնասիրված 63 պետական մարմնից միայն 6-ում է բոլոր քաղաքացիական ծառայողներին տրամադրվել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդն ամբողջությամբ։ Այդ պետական մարմիններն են՝ Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզպետարաններ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Պետական արարողակարգի ծառայությունը (որտեղ եղել է 1 քաղաքացիական ծառայող) և Միգրացիոն ծառայությունը։
Պետք է նշել, որ նախարարություններին ենթակա պետական մարմիններից որոշների քաղաքացիական ծառայողների արձակուրդների վերաբերյալ տեղեկատվությունը ներառված են նախարարությունների կողմից ներկայացված մեկ ընդհանուր ձևաչափում, ուստի այդ ենթակա պետական մարմիններում վերոնշյալ ձևաչափով նախատեսված տեղեկատվության վերաբերյալ գնահատականներ հնարավոր չէ տալ:
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է, որ երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում խրախուսանքի տեսակը: Խրախուսման այս տեսակը կիրառվել է չորս քաղաքացիական ծառայողի նկատմամբ:
460 քաղաքացիական ծառայողի (կամ 5,79 տոկոսին), որոնցից 119-ը (կամ 25.86 տոկոսը) ղեկավար պաշտոն զբաղեցնող, 341-ը (կամ 74.1 տոկոսը)՝ մասնագիտական, տրամադրված ամենամյա արձակուրդի մասերից որևէ մեկը չի կազմել առնվազն 10 աշխատանքային օր:
2020-2021 թվականների աշխատանքային տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի մասնակի օգտագործման դեպքերի վերլուծություն՝ ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների
2020-2021 թվականների աշխատանքային տարում ամենամյա արձակուրդը մասնակի է օգտագործել 1453 քաղաքացիական ծառայող կամ ուսումնասիրության համար հիմք հանդիսացած քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվի 18,29 տոկոսը:
Ստորև ներկայացվում է քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդը մասնակի օգտագործելու դեպքերն՝ ըստ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի.
- ժամանակավոր անաշխատունակության պատճառով Որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ամենամյա արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի է տեղափոխել 6 քաղաքացիական ծառայող,
- նպատակային արձակուրդ ձեռք բերելու հիմքով Որոշման 19-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ամենամյա արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի է տեղափոխել 53 քաղաքացիական ծառայող,
- տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին ընդգրկվելու պատճառով Որոշման 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ամենամյա արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի է տեղափոխել 5 քաղաքացիական ծառայող:
2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը մասնակի օգտագործած 1453 քաղաքացիական ծառայողից օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ամենամյա արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի է տեղափոխել ընդամենը 64-ը, կամ ամենամյա արձակուրդի մի մասը տեղափոխած քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվի 4,4 տոկոսը: Օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ամենամյա արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխած քաղաքացիական ծառայողներից 15-ը (կամ 23,4 տոկոսը) ղեկավար պաշտոն զբաղեցնողներ են, իսկ 49-ը (կամ 76,56 տոկոսը)՝ մասնագիտական պաշտոն զբաղեցնողներ:
Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրումը, այդ թվում նաև արձակուրդի տեղափոխումը, պետք է իրականացվի Որոշման կարգավորումների համաձայն, այնուամենայնիվ համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվությունը փաստում է, որ 2020-2021 թվականների ամենամյա արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխած քաղաքացիական ծառայողներից 1389-ի արձակուրդի տեղափոխումն իրականացվել է Որոշման՝ ամենամյա արձակուրդը տեղափոխելու դեպքերը կարգավորող դրույթների շրջանակից դուրս՝ այլ հիմքերով, որը կազմում է ամենամյա արձակուրդի մի մասի ընդհանուր տեղափոխումների 95,6 տոկոսը: Ընդ որում, Որոշմամբ չնախատեսված այլ հիմքով ամենամյա արձակուրդի մի մասը տեղափոխած քաղաքացիական ծառայողներից 409-ը (կամ 29,4 տոկոսը) ղեկավար պաշտոն զբաղեցնողներ են, իսկ 980-ը (կամ 70,5 տոկոսը)՝ մասնագիտական պաշտոն զբաղեցնողներ:
Որոշման՝ ամենամյա արձակուրդը տեղափոխելու դեպքերը կարգավորող դրույթների շրջանակից դուրս՝ այլ հիմքով 2019-2020 թվականների ամենամյա արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխած քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվում ղեկավար և մասնագիտական պաշտոն զբաղեցնող անձանց տոկոսային հարաբերակցությունը ներկայացված է Գծապատկեր 1-ում:
Ընդհանուր տվյալներից առանձնացվել են 8 պետական մարմնի (Արդարադատության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Կադաստրի կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե, Դատախազություն, Դատական դեպարտամենտ, Վարչապետի աշխատակազմ) տվյալներ, որոնց բաժին են ընկնում այլ հիմքով ամենամյա արձակուրդի մի մասի տեղափոխման ամենաշատ դեպքերը։ Աղյուսակ 1-ում, ներկայացված է վերը հիշատակված 8 պետական մարմնում ամենամյա արձակուրդի մի մասը Որոշմամբ չնախատեսված այլ հիմքով հաջորդ աշխատանքային տարի տեղափոխած քաղաքացիական ծառայողների թիվը՝ ըստ ղեկավար և մասնագիտական պաշտոնների:
| Պետական մարմնի անվանումը | Այլ հիմքով արձակուրդի մի մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխած քաղաքացիական ծառայողների թիվը, այդ թվում՝ ըստ պաշտոնների խմբերի, որից՝ | |||
| ղեկավար պաշտոն զբաղեցնողների թիվը | մասնագիտական պաշտոն զբաղեցնողներ թիվը | ընդհանուր թիվը | ||
| 1 | Արդարադատության նախարարություն | 15 | 41 | 56 |
| 2 | Պաշտպանության նախարարություն | 33 | 81 | 114 |
| 3 | Էկոնոմիկայի նախարարություն | 22 | 41 | 63 |
| 4 | Կադաստրի կոմիտե | 11 | 133 | 144 |
| 5 | Պետական եկամուտների կոմիտե | 18 | 45 | 63 |
| 6 | Դատախազություն | 34 | 57 | 91 |
| 7 | Դատական դեպարտամենտ | 19 | 123 | 142 |
| 8 | Վարչապետի աշխատակազմ | 30 | 70 | 100 |
2020-2021 թվականների աշխատանքային տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի չօգտագործման դեպքերի վերլուծություն՝ ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների
2020-2021 թվականների աշխատանքային տարում ամենամյա արձակուրդը ամբողջությամբ չի օգտագործել 613 քաղաքացիական ծառայող։ Այն կազմում է քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվի 8,17 տոկոսը։
Ստորև ներկայացվում է քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի չօգտագործման դեպքերն՝ ըստ Որոշմամբ նախատեսված հիմքերի.
1․Ժամանակավոր անաշխատունակության պատճառով Որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ամենամյա արձակուրդը հաջորդ աշխատանքային տարի է տեղափոխել 102 քաղաքացիական ծառայող,
2․նպատակային արձակուրդ ձեռք բերելու հիմքով Որոշման 19-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ամենամյա արձակուրդը հաջորդ աշխատանքային տարի է տեղափոխել 171 քաղաքացիական ծառայող,
3․տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին ընդգրկվելու պատճառով Որոշման 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ամենամյա արձակուրդը չի օգտագործել 4 քաղաքացիական ծառայող։
Այսինքն 2020-2021 թվականների աշխատանքային տարում ամենամյա արձակուրդը չօգտագործած 613 քաղաքացիական ծառայողից օրենսդրությամբ նախատեսված հիմքերով արձակուրդը չի օգտագործել և տեղափոխել է ընդամենը 277-ը, կամ ամենամյա արձակուրդը չօգտագործած քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվի 45 տոկոսը: Ընդ որում, օրենսդրությամբ նախատեսված հիմքերով արձակուրդը տեղափոխած քաղաքացիական ծառայողներից 38-ը կամ 13,7 տոկոսը ղեկավար պաշտոն զբաղեցնողներ են, իսկ 239-ը կամ 86 տոկոսը՝ մասնագիտական պաշտոն զբաղեցնողներ:
2020-2021 թվականների աշխատանքային տարում ամենամյա արձակուրդը չօգտագործած քաղաքացիական ծառայողներից 336-ի կամ 54,81 տոկոսի արձակուրդի տեղափոխումը հաջորդ աշխատանքային տարի իրականացվել է Որոշմամբ սահմանված հիմքերի շրջանակից դուրս՝ այլ հիմքով, ընդ որում այլ հիմքերով ամենամյա արձակուրդը տեղափոխած քաղաքացիական ծառայողներից 90-ը կամ 26,78 տոկոսը ղեկավար պաշտոն զբաղեցնողներ են, իսկ 246-ը կամ 73,2 տոկոսը՝ մասնագիտական պաշտոն զբաղեցնողներ:
Վերը ներկայացված տվյալները վկայում են, որ ամենամյա արձակուրդը չօգտագործած քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվում ղեկավար պաշտոն զբաղեցնողները կազմում են 20,8 տոկոս, իսկ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողները՝ 79,1 տոկոս:
Արդարադատության նախարարությունում և Դատական դեպարտամենտում գրանցվել են այլ հիմքով ամենամյա արձակուրդի տեղափոխման ամենաշատ դեպքերը՝ համապատասխանաբար 87 (31 ղեկավար, 56 մասնագիտական պաշտոն զբաղեցնող) և 57 (9 ղեկավար, 48 մասնագիտական պաշտոն զբաղեցնող) քաղաքացիական ծառայող։
Պետք է նշել, որ օրենքով նախատեսված հիմքերից դուրս, այլ հիմքով արձակուրդների տեղափոխման հիմնական պատճառը պետական մարմինները նշում են աշխատողների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և ստորաբաժանումներում թափուր հաստիքների առկայությունը:
Եզրակացություններ և առաջարկություններ
Վերլուծության արդյունքները վկայում են, որ պետական մարմիններում աշխատողների արձակուրդների տրամադրումը չի իրականացվում օրենսդրության պահանջներին համահունչ։
Աշխատողների մի զգալի մասի արձակուրդը տրամադրվում է ոչ ամբողջությամբ կամ ընդհանրապես չի տրամադրվում։ Այն դեպքերում, երբ այն պայմանավորված է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ նպատակային արձակուրդ ձեռք բերելու հիմքերով, ապա արձակուրդի չօգտագործման դեպքերը օրենսդրության խախտում չեն համարվում։ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի տեսանկյունից ևս այն իրավաչափ է․ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի նախադեպային իրավունքի փորձագիտական հանձնաժողովը իր եզրակացություններում նշում է, որ այն դեպքերում, երբ աշխատողը հիվանդացել է կամ ձեռք է բերել վնասվածք, ապա նրան արձակուրդը այլ ժամանակ օգտագործելու հնարավորություն պետք է տրվի։ Բացի այդ նշվում է, որ երկշաբաթյա արձակուրդի տրամադրումն անհրաժեշտ է աշխատողի լիարժեք հանգիստը և աշխատունակության վերականգնումն ապահովելու համար։
Սույն վերլուծության շրջանակում ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 460 ծառայողի (119-ը ղեկավար պաշտոն զբաղեցնող, 341-ը՝ մասնագիտական) կամ քաղաքացիական ծառայողների 5,79 տոկոսին տրամադրված արձակուրդի մասերից որևէ մեկը չի կազմել 10 աշխատանքային օր։
Հաջորդ խնդիրը վերաբերում է օրենսդրությամբ չնախատեսված հիմքով արձակուրդները կամ դրանց մի մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքերին։ Միայն 5 պետական մարմնում են արձակուրդի տեղափոխումներն իրականացվել օրենսդրությամբ նախատեսված հիմքերով։ Դրանք են՝ Արագածոտնի մարզպետարանը, Լոռու մարզպետարանը, Վայոց ձորի մարզպետարանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Քաղաքաշիության կոմիտեն։
Մյուս բոլոր դեպքերում այդ տեղափոխումների 83,5 տոկոսն իրականացվել է օրենսդրությամբ չնախատեսված պատճառներով և որպես հիմնավորում ներկայացվում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որը արձակուրդների տեղափոխման համար հիմնավոր պատճառ չի կարող հանդիսանալ։
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա վճարովի արձակուրդը պետք է համամասնական լինի աշխատանքային տարվա ընթացքում աշխատողի աշխատանքի տևողությանը։ Սակայն գործնականում պետական մարմինները այդ սկզբունքով չեն տրամադրում աշխատողների արձակուրդները: Այս սկզբունքով արձակուրդների տրամադրումը պետական մարմիններին հնարավորություն կտա զերծ մնալ կանխավճարով տրամադրված արձակուրդների հետգանձման գործընթացներից, որն առաջանում է մինչև աշխատանքային տարվա ավարտը ծառայողի աշխատանքից ազատման դեպքերում (Օրենսգրքի 213-րդ հոդված):
Սույն վերլուծության արդյունքում վերհանված թերությունները վերացնելու նպատակով պետական մարմինները պետք է՝
- համալրեն իրենց մոտ առկա թափուր պաշտոնները,
- ծառայողների միջև աշխատանքները բաշխվեն համաչափ՝ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված արձակուրդների տեղափոխումները բացառելու նպատակով,
- արձակուրդների տեղափոխումներն իրականացնեն միայն անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերով,
- արձակուրդը մասնակի տրամադրելու դեպքերում պահպանեն երկուշաբաթյա անընդմեջ արձակուրդ տրամադրելու կարևոր պայմանը:
***
2023 թվականից նախատեսվում է քաղաքացիական ծառայողների արձակուրդների տրամադրման հետ կապված տեղեկատվության մուտքագրումները իրականացնել, իսկ առաջիկայում նաև արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով: Ընդ որում 2022 թվականի ընթացքում Գրասենյակը մշակել է այդ գործընթացի կազմակերպման ծրագրային լուծումների նկարագիրը։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով