Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
01-07-2024
Հունիսի 28-29-ին տեղի ունեցած  «Հանրային կառավարման բարեփոխումների և ՀՀ միջազգային պարտավորությունների համատեքստում հանրային ծառայության որոշ հիմնախնդիրների քննարկում» խորագրով գլխավոր քարտուղարների համաժողովը բավականին արգասաբեր էր: Համաժողովի  ընթացքում հիմնական ելույթով հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՄՌԿ արդիականացմանը, այդ թվում՝ պետական ծառայության, մասնավորապես քաղաքացիական ծառայության զարգացման միտումներին, անհատների հմտությունների, կարողությունների կատարելագործմանը, շահերի բախմանը, կատարողականի գնահատմանը, գրավչության և հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, երիտասարդների ներգրավմանը, գենդերային հավասարության հայեցակարգին։ Անց է կացվել նաև ոլորտային մասնագետների մասնակցությամբ պանելային քննարկում՝ ՀՀ միջազգային հանձնառություններով պայմանավորված հանրային ծառայության զարգացման հեռանկարների վերաբերյալ, որի ընթացքում բանախոսությամբ են հանդես եկել Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, Գրասենյակի ղեկավարի տեղակալ Սեդա Մելքումյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:Գլխավոր քարտուղարների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին նաև  կատարողականի կառավարման նոր համակարգի հայեցակարգային լուծումները, քաղաքացիական ծառայության համալրման և վերապատրաստման գործընթացների բարելավումը, հանրային ծառայության գրավչության բարձրացումը գենդերային  համընդգրկմամբ, հանրային ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի բարելավման վերաբերյալ հարցերը: Համաժողովի ընթացքում ՄԱԶԾ-ի կողմից ներկայացվեց փոխակերպական առաջնորդությունը և գենդերազգայուն հաղորդակցությունը:Համաժողովի հիմնական նպատակն էր վեր հանել և քննարկել հանրային կառավարման ոլորտում որոշ առկա հիմնախնդիրներ, ապագայի զարգացման տեսլականը՝ կարևորելով նաև գենդերային հավասարության հայեցակարգը:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ
28-06-2024
Հունիսի 28-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Հանրային կառավարման բարեփոխումների և ՀՀ միջազգային պարտավորությունների համատեքստում հանրային ծառայության որոշ հիմնախնդիրների քննարկում» խորագրով գլխավոր քարտուղարների համաժողովը, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների և համապատասխան մարմինների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և Հայաստանում ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։