Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
11-12-2019
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուներն ընդունեցին ՄԱԿ-ի համապարփակ օժանդակության գնահատումն իրականացնող մասնագետներ՝ Տոմիսլավ Նովովիչին և Արմեն Մելքումյանին։ Այցի նպատակն էր ՄԱԿ-ի հետ 2016-2020 թվականների ընթացքում իրականացված համատեղ աշխատանքների, օժանդակության արդյունավետ պլանավորման և առաջնահերթությունների սահմանման, զարգացման օժանդակության արդյունավետության համապարփակ գնահատումը։ ՔԾԳ ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը ներկայացրեց ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը՝ բարձր գնահատելով կազմակերպության արագ արձագանքման, արդյունավետ աշխատելաոճի, թիրախավորված օժանդակության, ներքին և արտաքին համակարգման և կայուն գործընկերության արդյունավետությունը։ Գործընկերների խնդրանքով առանձնացվեցին նաև ապագա մարտահրավերներն ու զարգացման ենթակա ուղղությունները՝ քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացման մեջ։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
28-11-2019
Նոյեմբերի 28-ին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի և գործակալության կողմից ներգրավված միջազգային փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայողների բարեվարքության համակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ.-ի միջոցառումների ծրագրի շրջանակում վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքներին: Փորձագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել տեղեկատվական և խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել քաղաքացիական ծառայության գրասենյակին՝ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում վերջինիս կողմից իրականացվող աշխատանքներում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությունների և ձևաչափի վերաբերյալ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
22-11-2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ներկայացուցիչ Նարեկ Կամենդատյանը մասնակցել է նոյեմբերի 15-ին Ուզբեկստանում կայացած միջազգային գիտագործնական համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Աստանայի Քաղաքացիական ծառայության ՀԱԲ-ի կողմից և անցկացվել է «Մարդկային ռեսուրսների կառավարումը քաղաքացիական ծառայության բարեփոխումների համատեքստում. միջազգային պրակտիկան և Ուզբեկստանի փորձը» խորագրով: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես պետական համակարգի թվայնացման և թափանցիկության հասնելու միջոց» թեմայով զեկույց, որի ընթացքում անդրադարձել է քաղաքացիական ծառայության համակարգի թվայնացման հայաստանյան փորձին, պետական համակարգում առկա էլեկտրոնային ծրագրերին, ինչպես նաև՝ այժմ մշակման փուլում գտնվող մարդկային ռեսուրսների կառավարման և տեղեկատվական հարթակին: Ելույթում արծարծված հարցերը մեծ հետաքրքրություն են առաջացրել գործընկեր կառույցների ներկայացուցիչների մոտ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
13-11-2019
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպվեց «Կոմպետենցիաների շրջանակի կիրառումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում» թեմայով սեմինարը։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան իր ողջույնի խոսքում ընդգծեց քաղաքացիական ծառայության արդյունավետության կարևորությունը երկրի ընդհանուր բարեփոխումների իրականացման համար։ Նա նշեց, որ ՄԱԶԾ կշարունակի աջակցել ՔԾԳ-ին՝ իր ծրագրերի և նախաձեռնությունների մեջ։ Սեմինարին մասնակցեցին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների գլխավոր քարտուղարները: Սեմինարի ընթացքում միջազգային փորձագետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պաշտոնների համար անհրաժեշտ կոմպետենցիաների շրջանակը, վերջինիս բաղադրիչներն ու ներդրման հնարավորությունները։ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը հատկապես անցումային փուլում՝ շեշտելով, որ վերջիններս լավ հնարավորություն են քննարկելու կոմպետենցիաներին առնչվող արդի խնդիրները, անդրադառնալու միջազգային հաջողված փորձին, ներկայացնելու առաջարկներ՝ ակնկալվող գործողությունների վերաբերյալ: